.jpg)
Միայն բացարձակ անտեղյակ և խնդիրները չպատկերացնող մարդը կարող է համարել, որ ԵՄ շուկան կարող է դառնալ ԵԱՏՄ-ին այլընտրանք. Վերլուծաբան
Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը ՌԴ-ի մասով կփոխվի և չի ունենա այն արմատականությունը, որը մենք տեսել ենք նախընտրական շրջանում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Դա Բադալյանը պայմանավորում է նրանով, որ նախընտրական շրջանում Փաշինյանն ուներ հակառուսականության վրա առավելագույն ձայն տանելու խնդիր հասարակական այն շերտերի մասով, որոնք քվեարկում են հենց այդ կողմոնորոշմամբ. «Իսկ դրանից հետո խնդիրները և Փաշինյանի նպատակները փոխվում են։ Սակայն, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությանը, ապա դրանք շարունակելու են մնալ տուրբուլենտության փուլում այնքան ժամանակ, ինչքան որ տուրբուլենտություն կլինի միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքական շրջանառությունում, առհասարակ։ Քանի որ տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձևավորման բավականին բարդ ու դժվար գործընթաց, հայ-ռուսական հարաբերությունը գործնականում ենթակա է լինելու դրա ազդեցությանը»։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին և Փաշինյանի խնդրանքին՝ հնարավորինս արագ լուծել արտահանման սահմանափակումների հարցը, վերլուծաբանը նշեց, որ սահմանափակումները և՛ Ռուսաստանի համար, և՛, որքան էլ թվա, թե Փաշինյանի համար առաջնային խնդիր են, այդուհանդերձ, առաջնային հարց չեն և դրանց ներքո լուծվում են ավելի բարդ քաղաքական խնդիրներ։ Այդ թեման, որքան էլ ցավալի է ՀՀ տնտեսության, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մեծամասնության համար, քաղաքական դերակատարների համար դա ենթակա թեմա է՝ ավելի գլխավոր հարցերին և օրակարգին»։
Ըստ նրա՝ այդ սահմանափակումների վերացումը կախված է միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներից. «Դրանից են բխում այն անհրաժեշտությունները՝ թե՛ Մոսկվայի համար, թե՛ Փաշինյանի, որոնց էլ ծառայեցվում են մնացյալ բոլոր խնդիրները»։
Դիտարկմանը՝ արդյո՞ք կարող ենք այս հեռախոսազանգով փաստել, որ ինչքան էլ ցանկանան, սակայն տեսանելի ապագայում ԵՄ շուկան մեզ համար անհասանելի է, Բադալյանը պատասխանեց. «Մենք կարող ենք դա անել անկախ այդ հեռախոսազանգից։ Միայն բացարձակ անտեղյակ և խնդիրները չպատկերացնող մարդը կարող է համարել, որ ԵՄ շուկան կարող է դառնալ ԵԱՏՄ-ին այլընտրանք։ Ես նույնիսկ երկարաժամկետ հեռանկարն եմ դնում կասկածի տակ»։