17/05/2011 14:07
«4 տեսախցիկով նկարել են 2 ժամ բայց ներկայացնում են 1,5 րոպե»
«4 տեսախցիկով նկարել են 2 ժամ բայց ներկայացնում են 1,5 րոպե տեսագրություն»
«Ստեփան Հովակիմյանը երբ 2-րդ անգամ ներկայացել է ոստիկանություն, փորձ են արել անարգել Ստեփանի արժանապատվությունը, նրան խոշտանգել են, և վատ վիճակում լինելով`Ստեփանը ոստիկանների թելադրությամբ բացատրություն է գրել, թե ինքը կազմակերպել է գողությունը, իսկ իր ընկեր Վահան Քերոբյանը իրականացրել է: Նա զրկված է եղել փաստաբանին կամ ծնողին զանգելու հնարավորությունից: Նույնիսկ ոստիկանության շենքի դուռն է փակ եղել , և խաբել են ծնողին ու փաստաբանին, թե տղան այդտեղ չի գտնվում: Մի քանի անգամ գնալ, գալուց հետո դուռը բացել են ու ասել, թե Ստեփանն ընդունել է իր մեղքը»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում պատմեց Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Նրա խոսքով` Ստեփանը իրեն խոշտանգելու մասին մանրամասն պատմել է նաև դատավարության ընթացքում ցուցմունք տալիս, սակայն դատավորն արձագանքել է, թե «եթե գտնում եք, որ ապօրինություն է եղել, դիմեք համապատասխան մարմիններին»:
«Արդյունավետ միջոց կլիներ` Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացությունն ունենալ, որ ֆիքսվեր հետքերի առկայությունն ու դրա բացակայությունը»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ իրենք բողոքում են նախաքննության արդյունքներից և արդյունավետ քննություն չկատարելուց:
Հիշեցնենք, որ խոշտանգման վերաբերյալ Ստեփան Հովակիմյանը գրավոր հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն, և նրանից մեկ անգամ բացատրություն են վերցրել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունը ծառայողական քննություն կատարելուց հետո մերժել էր քրեական գործի հարուցումը`«հանցադեպի բացակայության հիմքով»:
Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, Aysor.am-ի թղթակցին պնդեց, թե իր տղային մինչ օրս դատաբժշկի ուղեգիր չեն տվել, այլ միայն հիմնվել են ոստիկաններից վերցրած ցուցմունքների վրա:
«Խոշտանգման մասին նույնիսկ Ստեփան Հովակիմյանի խցակիցներն են հայտարարություններ գրել` ուղղված Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: Խցակիցները հայտարարել են, որ բանտախուց բերվելուց հետո տղաս մի քանի օր անընդհատ բողոքում էր գլխի, մեջքի ու ոտքերի ցավից և պատմել է, որ իրեն ծեծել են Երևանի քաղաքային վարչությունում ու ստիպել են ընդունել գողության կատարումը»,- պատմեց նա:
Փաստաբան Տիգրան Սաֆարյանն Aysor.am-ին ասաց, որ նույնիսկ Ստեփանի խցակիցների դիմումներն ուշադրության չեն արժանացել, ու դատարանում նրանց հարցաքննելու միջնորդությունը մերժվել է: Փաստաբանի պնդմամբ` հիմք չեն ընդունվել նաև արտասահմանում ու Հայաստանում ապրող Ստեփանի հարազատների ու ծանոթների այն վկայությունները, որ Ստեփանն իրենց գումար չի փոխանցել: Նշենք, որ քննիչները հայցադիմումում գրել էին, թե Ստեփան Հովակիմյանը գողացած գումարով(5 միլին դրամից ավել) մոտ 10 հազար դոլարի չափով ոմն ոստիկանի պարտք է փակել Հաաստանից դուրս:
Մասնագիտությամբ ծրագրավորող Բենիամին Հովակիմյանը համոզմունք հայտնեց, որ իրական գողացողին ջանում են թաքցնել ու կարող է ապացույցներ բերել այդ կապակցությամբ:
«Կինոթատրոնի այն հատվածը, որտեղից կատարվել է գողությունը, 4 տեսախցիկով նկարահանվել է ժամեր շարունակ: Իրենց ասելով` այդ կասկածելի մարդը կես ժամվա ընթացքում գտնվել է այնտեղ: Բա հիմա ո՞նց են ներկայացնում 1 րոպե ու կես տևողությամբ մոնտաժված տեսագրություն ու ասում, թե երկու ժամվա տեսագրությունը ջնջվել է: Եթե նույնիսկ իրենց խոսքերին հետևենք, ստացվում է` 2 տարբեր սերվերից նկարահանվել է վայրը, հետո մոնտաժ են արել ուրիշ սերվերի վրա, ձայնագրել երիզների վրա: Տարօրինակ է` ոնց կարող է կորել ձայնագրությունը 3 սերվերների վրայից միանգամից ու ասել` չկա»,- պարզաբանեց Ստեփանի հայրը`ենթադրելով, որ տարբերակ չի մնում, քան մտածել, թե գողությունն իրենց կազմակերպած գործն է եղել ու գումարն էլ կիսվել են:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է 2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնից կատարված առանձնապես խոշոր չափի գումարի գողությունը կազմակերպելու մեջ: Քրեական գործի հիմնական ապացույցը Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որը, ինչպես Ստեփանն է վստահեցնում, ինքը գրել է խոշտանգման արդյունքում: Ստեփան Հովակիմյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 25-ին: