29/07/2014 12:19
Փաստաբան. Ռեկտորի եղբոր սպանությունը չի եղել խանդի պատճառով
Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբայրը՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալված Արման Կատունյանը, դեռևս ձերբակալված է և , ամենայն հավանակությամբ, վաղը պարզ կլինի նրա մեղադրանք առաջադրելու հարցը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նրա խոսքով՝ Հ. Գրիգորյանի սպանությունը եղել է ոչ թե խանդի, այլ Ա. Կատունյանի կնոջը սիրահետելու պատճառով:
Հարցին՝ մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ Ա. Կատունյանի աներն իր դստերը և երկու թոռնիկներին հեռացրել է երկրից, արդյոք որևէ սպառնալիքնե՞ր են եղել նրանց հասցեին, փաստաբանը ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբորը ծեծված ու կրակոցների հետքերով հայտնաբերել էին Գետք գյուղի ճանապարհին գտնվող գոմում՝ փոսի մեջ:
4 օր անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ Արման Կատունյանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ Հարությունը սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել Հարությունին:
Թերթին հասած տեղեկություններով Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի աներն իր դստերը և երկու թոռնիկներին հեռացրել է երկրից։
Նախորդող հրապարակում՝ Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա
Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր մահվան փաստով հարուցվել է քրգործ