29/07/2014 11:50
Չինարիի գյուղապետ. Արտի ամենալավ մասն ա մնացել, կրակեն էլ՝ հնձելու ենք
Նախօրեին հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի և Մովսես համայնքների ուղղությամբ:
«Ցերեկն էլ մի քանի կրակոց եղավ: Դե Մեռելոց էր, մարդիկ գնացել էին գերեզմանոց, որը հենց իրենց դիրքերի մոտ է ու կրակեցին: Ստիպված բոլորը նորից գյուղ իջան»,- Aysor.am-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Գյուղապետի խոսքով՝ երեկոյան կրակոցները դարձան ինտենսիվ ու իրենք նորից ստիպված եղան դադարեցնել արտերում կատարվող ցորենի հունձը.
«Ամենալավ բերքով, բայց ամենավտանգավոր հատվածն ա մնացել: Հենց հիմա էլ այնտեղ եմ գնում ու մենք դա հնձելու ենք: Թուրքի ուզածն էն ա, որ մեզ խեղճացած տեսնի, տեսնի որ մեր փչացող արտին ենք նայում ու չենք հնձում, բայց անելու ենք՝ ուզում ա կրակեն»,- ասաց Սամվել Սաղոյանը:
Սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի խոսքով՝ երեկվա կրակոցները եղել են հիմնականում իրենց մերձակա հայկական դիրքերի ուղղությամբ.
«Հենց մեր գյուղի ուղղությամբ կարճ կրակեցին: Բայց դե խոշոր տրամաչափի զենքերով: Ես վնասը դեռ չեմ տեսել, բայց ասում են էլի կոտրված տանիքներ ու պատուհաններ ունենք»,- ասաց Արարատ Ավալյանը: Ինչ վերաբերում է Մովսեսի գյուղատնտեսական աշխատանքներին, ապա գյուղապետի խոսքով՝ իրենք էլ փորձում են սկսել հնարավորինս անվտանգ հատվածներից:
Ներքին Կարմիրաղբյուրում նույնպես կրակոցների պատճառով նյութական վնասներ կան.
«Մի բան լավ է, որ մենք մեր գյուղի ցորենի արտերն արդեն հնձել, վերջացրել ենք»,- Aysor.am-ին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է նշված գյուղերի ուղղությամբ: Ընդ որում կրակոցները ոչ թե անկանոն են, այլ հստակ ուղղված են բնակելի տների, դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ: Երկու օր առաջ հակառակորդը կրակել է Չինարի համայնքում արտը հնձող կոմբայնի, ինչպես նաև տեղում աշխատող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչների վրա: Հակառակորդի վերջին ակտիվացումները շատերը պատճառաբանում են հենց բերքահավաքի ժամանակաշրջանով:
Նախորդող հրապարակում՝ ԿԽՄԿ-ն՝ Չինարիի կրակոցների մասին. Չենք կարող մանրամասնել ով և ինչու է սկսել
Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին