28/07/2014 16:37
ԿԽՄԿ-ն՝ Չինարիի կրակոցների մասին. Չենք կարող մանրամասնել ով և ինչու է սկսել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի արտերում գյուղատնտեսական աշխատանքներն ընդհատվել էին հակառակորդի կրակոցների պատճառով: Ընդ որում, այդ օրը Չինարիում էին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար:
Կրակահերթերի պատճառով, սակայն, դրանք ընդհատվել էին, ավելին՝ կրակոցները դիպել էին նաև ԿԽՄԿ մեքենային: Տեղի ունեցածի վերաբերյալ Կարմիր խաչի տեսակետը լսելու, ինչպես նաև պարզելու համար, թե ինչ է արձանագրել կազմակերպությունն այդ օրը Չինարիում, Aysor.am-ի զրուցեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ:
- Մեքենայի մասով ես ոչինչ ասել չեմ կարող: Բայց մենք մեր շահառուներին և ինքներս մեր աշխատակիցներին չվտանգելու նպատակներով պարտավոր էինք այնտեղից դուրս գալ և որոշակի ժամանակ անց՝ երկկողմանի կրակոցներ լսելով և տեսնելով, իհարկե, պարտավոր էինք հեռանալ:
-Ես ճիշտ եմ հասկանում, որ Կարմիր խաչն արձանագրել է երկկողմանի՞ կրակոցներ:
-Մենք չենք կարող ասել՝ ով է առաջինը սկսել, ով է երկրորդը սկսել: Մենք դրանով չենք զբաղվում: Մենք միայն, տեսնելով, որ կրակահերթեր են, պետք է մեր շահառուների հետ հեռանայինք այդտեղից:
-Դա հասկանալի է, բայց քանի որ Կարմիր խաչն ունի նաև արձանագրողի դեր: Ես ցանկանում եմ հասկանալ՝ Կարմիր խաչը տեսե՞լ է, որ Չինարիում կոմբայնի ուղղությամբ կրակում են: Սա, իհարկե, իմ խոսքերն են ու ես հիմա փորձում եմ հասկանալ՝ Կարմիր խաչն ի՞նչ է արձանագրել այդ օրը տեղի ունեցածից:
-Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ Կարմիր խաչի գործառույթներից, բայց հենց նման միջոցառումների նպատակն է իրականցնել մեր անկախ ու անկողմնակալ միջնորդի դերը: Տարածաշրջանում մենք աշխատում ենք երեք տեղում՝ Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, ու բոլոր տեղերում մեր այն մտահոգությունները, որոնք կապված են ցանկացած խախտումների հետ, մենք քննարկում ենք միմիայն համապատասխան իշխանությունների հետ: Մենք որոշակի հայտարարություններով հանդես չենք գալիս հանրության առջև: Այդ պատճառով ես կարող եմ միայն ասել, որ այո՛, հուլիս 26-ին մենք դադարեցրել ենք Չինարիում մեր ներկայությամբ ընթացող գյուղատնտեսական աշխատանքները, այո՛, դա արել ենք կրակահերթերի պատճառով, բայց երբևիցե չենք մանրամասնում՝ ով և ինչու է սկսել: Ինչ վերաբերում մանարամասներին, մենք դրանք քննարկելու ենք միայն համապատասխան իշխանությունների հետ: Պիտի ասեմ, որ մենք մշտապես հետևում ենք ստեղծված իրավիճակին: Երկխոսության մեջ ենք թե' բնակչության, թե' իշխանությունների հետ և այն, ինչ-որ չենք անում հանրայնորեն, չի վկայում մեր անգործության մասին:
Մեր կազմակերպությունը հրադադարի ռեժիմի խախտումների մոնիտորինգ չի իրականացնում և մենք իրավասու չենք այդ մասին հանրայնորեն խոսել: Այլ հարց է, որ մեր շահառուներն այդ խախտումների պատճառով խնդիրներ են ունենում ու դա մեզ համար մեծ հարց է: Դրա հետ կապված մենք որոշակի բանակցություններ անցկացնում ենք, կողմերին կոնֆիդենցիալ երկխոսություններով հիշեցնում ենք իրենց պարտավորությունների մասին, սակայն մեր կազմակերպության ոճը ոչ մի դեպքում չի նախատեսում հանրային հայտարարություններ: Մենք աշխատում ենք բավականին նուրբ պայմաններում, քանի որ մեր գործունեությունը երկկողմանի է ու պետք է որ մեզ իշխանություններն ընդունեն և այստեղ, և մյուս կողմում: Շատ դեպքերում, երբ որևէ կազմակերպություն մուտք չի ունենում, օրինակ՝ ռազմագերիների մոտ, միայն մեր կազմակերպությունն է կարողանում աշխատել նրանց հետ: Քաղաքականության մեջ մենք չենք խառնվում: Էլի եմ ասում՝ մեր բոլոր մտահոգությունները քննարկվում են իշխանությունների հետ, բայց որևէ դեպքում մենք չենք կարող կանգնել հանրայնորեն մեղադրողի դերում:
Նախորդող հրապարակում՝ Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին