21/08/2014 12:33
Ա. Բախշյանը խնդրում է վերահսկել զբաղվածության կենտրոնների գործունեությունը
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանում 2014 թվակնաից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը:
Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից, նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են այսպես կոչված աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը:
Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին:
Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել:
Հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար»: