22/08/2014 15:07
«Մանկապարտեզին փչացած մսի մատակարարումը ցնցում էր քաղաքապետարանի համար»
Մանկապարտեզների փչացած հավի մսի մատակարարումը առաջին հերթին ցնցում էր քաղաքապետարանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում քաղաքապետի ուշադրության կենտրոնում է գտնվել մանկապարտեզների սննդի անվտանգության հարցը:
«Երբ տվյալ օրը մատակարարը մտել է մանկապարտեզ, այդ երեք մանկապարտեզների տնօրենները արձակուրդում են եղել. նրանք տնտեսվարներին արագ թողել են ապրանքը՝ առանց ստորագրության և կնիքի մի թուղթ: Մեզ համար արժանապատվության հարց է մանկապարտեզներում սննդի անվտանգությունը, և սա լավագույն դասն է այն մատակարարներին, որոնք կարող են անբարեխիղճ լինել երեխաների նկատմամբ: Այսուհետև բոլոր շահագրգիռ գերատեսչությունները ավելի զգոն ու հետևողական են լինելու»,-ասաց Գ. Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ այդ 3 մանկապարտեզներից բացի հատուկ հանձնախումբը շրջել է բոլոր վարչական շրջանների մանկապարտեզներում և փորձանմուշներ վերցրել այնտեղի սննդից ու ուղարկել փորձաքննության, դրանք բոլորը համապատասխանել են պիտանելիությանը:
«Ծնողներին հավաստիացնում եմ, որ այս պահին որևէ մտահոգության տեղիք չկա մանկապարտեզներում սննդի հարցում»,-ասաց Գ. Սողոմոնյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Մանկապարտեզների տնօրենները՝ փչացած հավի մսի մասին
Ի՞նչն է ստիպել քաղաքապետարանին պայմանագիր կնքել ապօրինի ձեռնարկության հետ
Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի 101, 116 և 118 մանկապարտեզներին