18/10/2014 14:51
Նախարարը՝ Շանթ Հարությունյանի գործի մասին. Կարծում եմ՝ այն կբողոքարկվի
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավճռին, ասաց, որ ինքն այս պահին դժվարանում է որևէ գնահատական տալ:
«Այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ: Ամենայն հավանականությամբ, կարծում եմ, որ այդ դատական որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում և դա ի նկատի ունենալով, և նպատակ ունենլով զերծ մնալ դատական համակարգի և դատարանների նկատմամբ որևէ ազդեցությունից, դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ անի»,- ասաց Հովհ. Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավճիռը: Դատարանի դատավճռով Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվի:
Արթուր Մարգարյանը դատապարտվեց 6 տարի, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50 –ապատիկի չափով տուգանքի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա ազատազրկման:
Նախորդող հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին
Շանթ Հարությունյանի պաշտպան. Աբսուրդ է, որ երեխան դատապարտվի չարածի համար