17/10/2014 20:43
Շանթ Հարությունյանի պաշտպան. Աբսուրդ է, որ երեխան դատապարտվի չարածի համար
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք «ավելի վատ դատավճիռ էին ակնկալում դատարանից, որ դատարանը կարող էր դատախազության պատվերը կատարել և անչափահաս Շահեն Հարությունյանին դատապարտել ազատազրկման»:
«Աբսուրդ է, որ երեխան դատապարտվի խուլիգանության համար, որը չի կատարել, նա միայն փորձել էր պաշտպանել իր հորը: Բնականաբար, սա մեզ չի բավարարում և մենք բողոքարկելու ենք այս դատավճիռը, քանի որ բոլորն էլ անմեղ են և նրանք պետք է անպարտ ճանաչվեն»,- ասաց Ի. Պետրոսյանը:
Շ. Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, ասաց, որ ցավում է, որ այս դատավարություններն ավարտվել են, քանի որ ինքը ամեն անգամ գնում էր ոչ թե դատավարության, այլ հեղափոխության:
«Այդ ընտանիքները ստեղծվել են, այդ երեխաները մեծացել են, որ պայքարեն Հայաստանի համար: Ես ամեն օր ասես հեղափոխության էի գնում դատարան, ոչ թե դատավարության, Հայաստանի ապագայի մասին այն մտահոգությունները, որ լսում էի դատարանում ու դրսում տեսնում անտարբեր ու բութ հայացքներ... Ու ես արթնանալու եմ այդ դեմքերով»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման