30/10/2014 11:53
Կառավարությունը «Արարատ» ռեստորանի գնման հարցում միջնորդ է հանդիսանում
ՀՀ կառավարության նիստերի այսօրվա օրակարգում ներառված է «Արարատ» ռեստորանը գնելու որոշման նախագիծը:
Ըստ որոշման նախագծի՝ Կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արարատ» ռեստորանը՝ 3 մլն 200 հազար դոլարով:
Այդ գնից 140,000 ԱՄՆ դոլարի համարժեք մասը վճարվում է պայմանագրի կնքումից երեք բանկային օրվա ընթացքում, որպես նախավճար, մնացած մասը վճարվում է 2015թ հունվար-մարտ ամիսներին, յուրաքանչյուր ամիս հավասարաչափ 1,020,000 ԱՄՆ դոլարին համարժեք մասերով:
Ռեստորանը գործելու է առնվազն մինչև 2015 թ.-ի դեկտեմբերի 8-ը:
Ըստ նույն որոշման նախագծի՝ «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության հետ կկնքվի Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենքի նկուղային և առաջին հարկի անշարժ գույքի տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի նախնական պայմանագիր:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հետևյալ կերպ.
«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասի»> N1675-Ն որոշման համաձայն Կառավարական N2 մասնաշենքը զբաղեցրած հողատարածքի հետ միասին օտարվել է «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը: Նշված որոշման 7-րդ կետով սահմանվել է նաև, որ Վաճառողը՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարությունը պետք է գնորդին աջակցի և օժանդակի Կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող և գույքի հետ միասին ճարտարապետական ամբողջություն կազմող ենթամասերն ու հատվածները («Արարատ-Ռեստորան» ՍՊԸ, «Նոյան Տապան» գրախանութ ՍՊԸ, «Անի» գրատուն ՍՊԸ) գնորդի հաշվին և վերջինիս համար ընդունելի ողջամիտ արժեքով ձեռք բերելու համար, որն ամրագրվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության միջև 28.03.2013 թվականին կնքված պետական գույքի օտարման և գրավի N606-Օ պայմանագրում»:
ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը լրատվական բաժնի պետ Մարգարիտա Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը այս դեպքում ուղղակի միջնորդ է հանդիսանում, քանի որ նշված տարածքները Արտաքին գործերի նախարարության շենքի մաս են կազմում, իսկ ռեստորանը, գրատունը և գրախանութը օտարվելու է «Տանգո» ընկերությանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2012 թ. որոշել է ԱԳՆ-ի շենքը օտարել Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ այն հինգաստղանի հյուրանոցի վերածելու համար:
Նախորդող հրապարակում՝ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է