04/10/2012 14:35
Որոշվեց. ԱԳՆ-ը շենքը վերածվում է հինգաստղանի հյուրանոցի
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի, նախատեսվում է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» ՓԲԸ-ին՝ 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:
Ձևակերպման մեջ նշվում է, որ գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել ՀՀ 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող` «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, նախկին «Սևան» հյուրանոցի տարածքում կառուցված շենքը: Ընդ որում` բաժնետոմսերը հանձնվում են առանց շենքի սպասարկման համար էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի ու կոյուղու, ֆիքսված հեռախոսակապի միացման պայմանագրերի կնքման և հաշվիչների ձեռք բերման:
Գնորդը պարտավորվում է գույքի հանձնում-ընդունումից հետո անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային և արտաքին տեսքը:
Հարկ է հիշեցնել, որ ԱԳՆ-ի շենքի վաճառքի շուրջ լուրերը վաղուց էին պտտվում, իսկ այն, որ շենքին հավակնում էր Էդուրադո Էռնեկյանը` գաղտնիք չէր: