24/01/2015 10:32
«Շիրակ կենտրոն». Ո՞ր օրենքով է հիմնադրամը ինքնուրույն որոշում, թե հատկապես որ անօթևան ընտանիքներն են բնակարանի շահառուներ
Նախօրեին Գյումրու «Շիրակ կենտրոնը» դիմում- ուղերձով դիմել էր ՀՀ բարձրագույն իշխանություններին ու«Հայաստան» համահայկական հիմնադրամին` Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ին կայացրած որոշման առնչությամբ: Այն է` պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 444 ընտանիքների տրամադրել բնակարանների գնման վկայագրեր: ՀԿ-ից տեղեկացրել էին, որ ստանալու ենթակա անօթևան ընտանիքները հայտնվել են ծանր խնդրի առջև և ունեցած տեղեկությունների համաձայն` նախորդ երկու ամիսների ընթացքում, առաջին փուլով ԲԳՎ-ներ ստանալու ենթակա 215 ընտանիքներից ընդամենը 10 ընտանիք է ընդգրկված բնակարաններ գնելու գործընթացում:
Ուղերձում նաև որոշ առաջարկություններ էին բերվել ՀԿ-ի կողմից` Գյումրու ամօթևանների խնդրի լուծմանն ուղղված: «Շիրակ կենտրոն»-ից տեղեկանում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատասխանել է իրենց հրապարակային հարցմանը.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Շանթ» հեռուստաընկերության /ԱՄՆ/ համատեղ Հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարով Գյումրիում արդեն իսկ գնվել է 2 բնակարան: Խոստացված նվիրատվությունների հավաքագրման գործընթացը շարունակվում է, ինչին զուգահեռ շարունակվում են բնակարանների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները: Շահառու ընտանիքների ընտրությունը կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մշտապես իրագործել է իր ստանձնած ծրագրերը, և Գյումրիի անօթևաններին բնակարանների տրամադրաման ծրագիրը բացառություն չի կարող լինել»,- ասված է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանում:
Ըստ այդմ, ՀԿ նախագահ Վահան Թումասյանն արձանագրում է, որ իրենց ուղերձում առկա հարցադրումներից շատերը մնում են անպատասխան, ավելին` հարցականներ են ավելանում: Մասնավորապես, թե հիմնադրամը ինչպես, և որ օրենքով է ինքնուրույն որոշում, թե հատկապես որ անօթևան ընտանիքներն են բնակարանի շահառուներ և այլն: Այս ամենի մասով «Շիրակ կենտրոնը» առաջիկայում հանդես կգա իր դիտողություններով ու նկատառումներով: