25/02/2015 19:08
Ն. Զոհրաբյան. Քիչ մարդ կա, ում առաջ ես պատրաստ եմ գլուխ խոնարհել. Մաթևոսյան, Խեչոյան ու ԻՄ Սամվել Մկրտչյան
«Այս ամիսները իմ կյանքի ամենատանջալի ամիսներն են եղել, բայց ես մի բանով եմ մխիթարվում, որ Սամվելն ապրեց այնպես, ինչպես ցանկացավ ապրել, արեց այն, ինչ ցանկացավ անել»,- թարգանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի տան բակում հուշատախտակի բացումից հետո Խնկո Ապոր գրադարանում կազմակերպված հուշ-երեկոյի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ս.Մկրտչյանի այրի Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` եթե Ս.Մկրտչյանը ցանկանում էր գնալ ինչ-որ երկիր ֆուտբոլային սիրած թիմի խաղը դիտելու` գնում էր, եթե ցանկանում էր գնալ իր ընկեր Արթուրի տուն՝ կիթառ նվագելու, գնում էր.
«Նա երբեք ոչ մի պայմանականությունների չենթարկվեց, մնաց ազնիվ, մնաց անկաշառ, մնաց իր խղճի հետ միշտ մաքուր: Երբ Լիոնում էինք, Սամվելի կյանքի վերջին օրերին, հիվանդանոցում, ինքը այսպիսի մի բան ասաց. «Այո, ես ուզում եմ ապրել, բայց ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում և եթե վերադարձնելու լինենք ամեն ինչ` ես իմ ապրած ոչ մի օրվա և արված ոչ մի քայլի համար ո՛չ ափսոսում եմ , ո՛չ էլ փոշմանում: Ես ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ»»,- հիշեց Ն. Զոհրաբյանը` ընդգծելով, որ իսկապես տաղանդավոր, բացառիկ մարդ ու գրող է հեռացել մեզանից:
Նշելով, որ չի ուզում խոսել իր անձնական ապրումների մասին, Ն. Զոհրաբյանն ասաց, որ իր համար քիչ մեծություններ են եղել, ում առաջ նա պատրաստ է գլուխ խոնարհել՝ Հրանտ Մաթևոսյան, Լևոն Խեչոյան և ԻՐ Սամվել Մկրտչյան: Նա նաև հիշողություններով կիսվեց.
«Ես հիշում եմ, երբ Հրանտ Մաթևոսյանը հիվանդ էր, նա շատ քիչ մարդկանց հետ էր կարողանում շփվել և այդ քչերից մեկը ես ու Սամվելն էինք: 2002թ-ին Հրանտը խնդրեց մեզ, որ իր հետ գնանք Ամբերդ` նա հրաժեշտ էր տալիս Հայաստանում իր բոլոր սիրած վայրերին, ու Սամվելը նրան հարցրեց` վարպետ, դու ինչի՞ չես գրում ցեղասպանության մասին: Հ.Մաթևոսյանը պատասխանեց, որ դա սարսափելի է, նա չի կարող այդ մասին գրել: Բայց հետո եկանք տուն ու Սամվելը մի թղթի վրա գրառում արեց»,- հիշեց նա ու հնչեցրեց այդ տողերը.
«Սեփական մահը նկարագրելու համար մարդ պիտի իրեն առողջ զգա,
Սեփական չարորակ ուռուցքը նկարագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ առողջ լինել»:
Անդրադառնալով հուշատախտակին, որ այսօր տեղադրվեց Նոր Նորքի շենքերից մեկի մուտքի մոտ, արտեղ ապրել է Սամվել Մկրտչյանը, Ն. Զոհրաբյանն ասաց, որ դա ընտանիքի մտահղացումն է եղել և առաջիկա օրերին նաև Գյումրիում Սամվելի տանը կփակցվի նույնատօպ հուշատախտակ ևս.
«Բացի այս, կա ծրագիր Գյումրու տունը վերակազմավորել Սամվել Մկրտչյանի տուն-թանգարանի և ունենք միտք սահմանելու նրա անվան թարգմանական մրցանակ: Այդ ամենը մենք անելու ենք, բայց անելու ենք քայլ առ քայլ, որովհետև այն գործը, որ արել է Սամվելը, իրավունք չունեն թողնելու, որ չունենա շարունակություն»,- տեղեկացրեց Ն.Զոհրաբյանը:
Ի դեպ, թարգմանիչն իրենից հետո շատ քիչ անտիպ ստեղծագործություն է թողել, բայց թողել է Շեքսպիրից անտիպ` «Համլետի» թարգմանությունն էր սկսել ու Համլետի մենախոսությունը թարգմանված է: Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այն առանձին կտպագրվի ու դեռ շատ անելիք ունեն:
Նշենք, որ այսօր Սամվել Մկրտչյանը կդառնար 56 տարեկան: