26/02/2015 11:17
Մոսկվայի պետական համալսարանը գալիս է Երևան. Կունենա՞նք պետպատվերով տեղեր
Շուտով Երևանում կգործի Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը. համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է Մոսկվայի պետական համալսարանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև: Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը նշեց, որ մասնաճյուղը գործելու է Երևանում, այն կունենա 4-5 ֆակուլտետ` իրավագիտության, մաթեմատիկայի, ժուրնալիստիկայի, հանրային կառավարման և էկոնոմիկայի: Դասավանդումն էլ կիրականացվի ամբողջությամբ մոսկովյան համալսարանի կրթական ծրագրերով և Լոմոնոսովի անվան համալսարանից գործուղված մասնագետների` դասախոսա-պրոֆեսորական կազմի կողմից:
Ամենակարևորը. հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը պետպատվերի տեղեր տրամադրի համալսարանի մասնաճյուղին: Ինչ վերաբերում է մասնաճյուղի գնային քաղաքականությանը, արդյո՞ք այն կլինի նույնը, ինչ Մոսկվայում, Տ. Սահակյանն ասաց.
«Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: Այդ մասին համալսարանը լրացուցիչ հայտարարություն կանի»:
Նախատեսվում է, որ մասնաճյուղը առաջին ուսանողներին կընդունի և դասապրոցեսները կմեկնարկեն արդեն այս սեպտեմբերի մեկից, բացի այդ, հնարավոր է, որ մինչ այդ կազմակերպվեն նաև նախապատրաստական դասընթացներ դիմորդների համար:
Տ. Սահակյանը հատուկ ընդգծեց, որ խոսքը համալսարանի մասնաճյուղի մասին է, որը գործելու է Հայաստանում, ինչպես արդեն տարիներ շարունակ մեր պետությունում գործում են ռուսական այլ համալսարանների մասնաճյուղեր.
«Այսինքն` որպես այդպիսին նոր բուհ Հայաստանում կամ Հայաստանի կողմից չի ստեղծվում»,- ասաց նա ու պարզաբանեց, որ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը, օրինակ, միջպետական համաձայնագրով ստեղծված համալսարան է, որի ստեղծման կողմ հանդիսանում է ՀՀ-ն: Իսկ ՄՊՀ-ի պարագայում խոսքը միայն համալսարանի մասնաճյուղի մասին է.
«Բնականաբար այս երկուսը` Սլավոնականն ու ՄՊՀ-ի մասնաճյուղը միմյանց չեն խանգարի, որովհետև ամեն մեկն ունի իր թիրախային խումբը, իր առանձին ուղղությունն ու նպատակները: Սլավոնական համալսարանի գործառույթները լրիվ այլ են` բացի կրթական այն գործընթացներից, որ իրականացնում է, Մոսկվայի համալսարանինը լրիվ այլ: Թեև Կրթության նախարարությունը միշտ եղել է այն կարծիքին, որ միայն մրցակցային պայմաններում մենք կարող ենք ունենալ որակյալ կրթություն»,- հավելեց Տիգրան Սահակյանը:
Վերադառնալով պետպատվերով տեղերի ներդրմանը ու հարցին` ստացվում է, որ դրանք կարող են և չլինել, վարչության պետն ասաց, որ այս պահին դժվար է հստակ պատասխան տալ, քանի որ դա կախված է շատ գործոններից: Բայց նախարարությունը ունի նման մտադրություն, հատկապես պետության համար առաջնահերթ մասնագիտությունների գծով:
Նշենք, որ Մոսկվայի պետական համալսարանում ուսանելը բավականին թանկ հաճույք է` սկսած 300 հազար ռուբլուց ու ավելի: Գները տատանվում են ըստ մասնագիտությունների: Օրինակ, «Գլոբալ գործընթացների» ֆակուլտետում մեկ տարվա ուսման վարձը կազմում է 325 հազար ռուբլի, իսկ «Իրավաբանական» ֆակուլտետում` 350 հազար ռուբլի: