04/03/2015 13:21
Արմավիրում մնացին երկուսը. Պայքարը կշարունակվի Ղահրամանյանի ու Խլղաթյանի միջև
Մարտի 15-ին Արմավիրը քաղաքապետ է ընտրելու, այսօրվա դրությամբ պայքարի մեջ մնացին երկուսը` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Երկուսն էլ ՀՀԿ-ական են, սակայն Հանրապետական կուսակցությունը այս ընտրություններում որոշել է ամենը թողնել ինքնահոսի և որևէ թեկնածուի չպաշտպանել: Ինչը թերևս տարօրինակ է՝ հաշվի առնելով նախկինում քաղաքապետի ընտրությունների ժամանակ այստեղ տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, թեև մյուս կողմից էլ` թերևս գուցե հենց այդ պատճառով է ՀՀԿ-ն որոշել չխառնվել ու «արդար» ընտրապայքարի դաշտ ստեղծել:
Հայաստանում քիչ չեն համայնքապետեր, որոնք տասնամյակներով են ղեկավար պաշտոնում մնում՝ միաժամանակ կարողանալով գրեթե ոչինչ չանել տվյալ համայնքի համար: Ռուբեն Խլղաթյանը, ով 2004թ-ից ղեկավարում է Արմավիրը ու ինչպես տեսնում ենք, ցանկություն չունի հեռանալ այդ պաշտոնից, նրանցից մեկն է: Քաղաքապետի անվան հետ շատ բացասական երևույթներ են կապում` քաղաքային զբոսայգու մի հատվածի վաճառքը ոչ պակաս հայտնի խնամի Ռուբեն Հայրապետյանին (նեմեց Ռուբոին), տարիներով չասֆալտապատվող փողոցներ, քաղաքային տրանսպորտի բացակայություն, քաղաքի մեծ մասի սեփականաշնորհում` էլ ռեստորաններ, էլ բենզալցակայաններ, էլ խանութներ ու մնացածը: Այս ամենի հովանավոր, ասում են, տարիներ շարունակ հանդես է եկել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, սակայն այսօր, փաստացի, մարզպետը ևս «ձեռքերը լվացել է»` թողնելով Ռ. Խլղաթյանին միայնակ:
Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն իրավիճակը, որ առկա է նախընտրական պայքարի վերջին տասնօրյակում` ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար պայքարի ելած 6 թեկնածուներից այսօրվա դրությամբ մնացել են երկուսը` Ռ. Խլղաթյանն ու Ն. Պետրոսյանը: Ինքնաբացարկ է հայտնել անգամ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին` Արտակ Գևորգյանը, ինչը իսկապես մտածելու տեղիք է տալիս:
Սա նշանակում է, որ պայքարը Արմավիրում իրականում ընթանալու է ոչ թե Ռ. Խլղաթյանի ու Ն. Պետրոսյանի միջև, այլ գործող քաղաքապետի ու մարզպետի միջև, քանի որ քչերը կարող են հավատալ, որ Ա. Ղահրամանյանը միայնակ կթողնի իր երկարամյա, հավատարիմ օգնական հանդիսացող Նվեր Պետրոսյանին, ում անվան հետ այս տարիների ընթացքում երբևէ ու որևէ վարկաբեկող տեղեկատվություն չի եղել ու նա, ի տարբերություն հիմնական մրցակցի, արյունալի պատմությունների մեջ դերակատար չի հանդիսացել:
Եվ հետո` գուցե ՀՀԿ-ն ուզում է սրբագրումներ անել ու ազատագրել Հայաստանի քաղաքներից մեկը նման տարրից, ինչպիսին Ռ. Խլղաթյանն է` հնարավորություն տալով փոխարինել նրան երիտասարդ, չվարկաբեկված անձով: