27/03/2015 13:19
Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու սպանության մեջ մեղադրվողը դադարեցրել է հացադուլը
Գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի եղբորորդի Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանը դադարեցրել է հացադուլը: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը հացադուլ էր հայտարարել մարտի 18-ից, նա բողոքում էր իր դեմ հարուցված քրեական գործից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել է 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տիգրան Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: