16/03/2015 15:19
Փաստաբան. Հրանտ Մաթևոսյանի եղբորորդին մահացել է բժիշկների մեղքով
Գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդի Թովմա Մաթևոսյանի սպանության գործով ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Թ. Մաթևոսյանի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տ. Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ ինքը պահանջում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, քանի որ այս գործի նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով:
«Բժիշկներն արձանագրել են, որ Թ. Մաթևոսյանը մահացել է ներքին արյունահոսությունից, քանի որ մեծ քանակությամբ արյուն է կուտակվել նրա որովայնայում, իսկ իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մահացողի վնասվածքը նման հետևանքի կարող էր հանգեցնել 3-4 ժամ անց, բայց բժիշկները մահն արձանագրել են ընդամենը 20 րոպե անց: Դատարանում երկու բժիշկները հայտարարում են, որ Թ. Մաթևոսյանը եղել է կլինիկական մահվան մեջ, երբ նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն նույնիսկ վկան է պատմել, որ Թ. Մաթևոսյանը իր ոտքով է մտել հիվանդասենյակ և կլինիկական մահվան մեջ չի եղել, բայց նրան չեն հավատում: Թովման եղել է ողջ, և եթե նորմալ բժշկական օգնություն ցուցաբերեին, ապա նա հիմա ողջ կլիներ»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանը ասաց, որ գործը քննող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը գործը քննելիս թույլ է տվել բազմաթիվ սխալներ:
«Երբ ես միջնորդեցի գործը կարճելու մասին, դատավորը, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, տեղում որոշում ընդունեց, ինչը կոպիտ դատավարական սխալ է»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով` Տ. Մելիքյանի գործը քննելիս դատավորը հապճեպություն է դրսևորել, քանի որ նրան նշանակել են քաղաքացիական գործեր քննող դատավոր և որովհետև «դատաբժշկական փորձաքննությունը 3-6 ամիս է տևում, դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի մերժի ու արագ վերջացնի, գնա Սպիտակ` քաղաքացիական գործերը քննելու»: