30/03/2015 12:57
Հայրունի. Գերմանիայում Հայոց ցեղասպանության ընդունման համար առկա է հասարակական ճնշում
Գերմանիայի բունդեսթագի կողմից դեռևս 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը կարող է շատ կարևոր և հուսալի հենարան դառնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին:
«Գերմանիայի բունդեսթագի կողմից ընդունված բանաձևում շատ հստակ է ներկայացված պատմական իրականությունը, Գերմանիան ընդունում է սեփական պատասխանատվությունը: Անհրաժեշտ է մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը այնպես կառուցել, որ բանաձևը նախադրյալ դառնա Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը ավարտին հասցնելու համար»,- ասաց նա:
Ա. Հայրունին ասաց, որ բանաձևը կարող է հենարան դառնալ երկրորդ քայլը կատարելու ճանապարհին, սակայն այս տասը տարվա ընթացքում քաղաքական այլ նախաձեռնություն չի եղել, որոնք միտված լինեին այդ քայլն անելու, թեև այսօր Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղությամբ կա հասարակական ճնշում և լուրջ արգելքներ չկան դա իրականացնելու համար:
Անդրադառնալով ապրիլի 24-ին գերմանական բունդեսթագում նախատեսված քննարկման ժամանակ Հայոց ցեղասպանության թեմայով քննարկմանը՝ նա ասաց, որ ոմանք այդ օրն ակնկալում են սկանդալ, իսկ սպասելիքները բազմազան են: