20/04/2015 13:18
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան. Սրբադասման կարգի համաձայն` նահատակների համար ընտրվել է շարական և սրբապատկեր
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման արարողությունը կունենա իր նախընթաց միջոցառումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` մանրամասնելով.
«Ապրիլի 22-ի երեկոյան Մայր Աթոռում տեղի կունենա Հսկման արարողություն: Այդ արարողությունը աղոթք է, որը տեղի է ունենում հատուկ օրերից, միջոցառումներից առաջ: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել դրան` Երևանից Էջմիածին հասնելու համար Բրազիլիայի հրապարակից կմեկնեն հատուկ փոխադրամիջոցներ»:
Հաջորդ օրը Սրբադասպան միջոցառումը տեղի է ունենալու Հայ Առաքելական եկեղեցու բոլոր քույր եկեղեցիների մասնակցությամբ.
«Միջոցառումը, որպես խորհրդանիշ, կավարտվի ուղիղ 19:15-ին: Նույն ժամին հայտարարված է համազգային լռության րոպե, որը կուղեկցվի եկեղեցական զանգերի ղողանջով»,- ասաց Արքեպիսկոպոսը:
Նրա խոսքով` քրիստոնեական բոլոր եկեղեցիներում ընդունված է, որ յուրաքանչյուր սրբի կանոնականացման դեպքում ընտրվում են կանոններ` շարականների, սրբապատկերների շարք:
«Այդ օրվա համար մենք ընտրել ենք Սրբոց Նահատակաց շարականները, որոնք, կարծես, լիովին արտացոլում են տեղի ունեցած իրադարձությունները»,- ասաց Սրբազանը:
Նրա խոսքով` Սրբադասված նահատակներին նվիրված Սրբապատկերը երկրպագության համար ապրիլի 24-ին տեղադրված կլինի նաև Ծիծեռնակաբերդում: