26/05/2015 15:53
ԵՊՀ-ում ահաբեկչության կեղծ ահազանգի գործով մեղադրողը պահանջում է նշանակել պատիժ՝ տուգանքի տեսքով
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը հրապարակել է ԵՊՀ-ում ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու գործով մեղադրական ճառը:
Նա միջնորդել է ամբաստանյալներ՝ Երևանի պետական համալսարանի` արդեն նախկին ուսանող Արամ Հայրյանին և մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանին նշանակել պատիժ՝ տուգանքի տեսքով:
Մասնավորապես` Ա. Հայրյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով (350 հազար դրամ), իսկ Սուսաննային՝ 250-ապատիկի (250 հազար դրամ) չափով: Մեղադրողը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց այն, որ ամբաստանյալներն օգնել են հանցագործության բացահայտմանը, նախկինում 2-ն էլ դատապարտված չեն եղել:
Դատաքննության ընթացքում երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր էին ճանաչել: Ապացույցների ուսումնասիրման ժամանակ հայտնի էր դարձել, որ ամբաստանյալ Սուսաննա Մնացականյանի ուսման վարձը զեղչվել է, քանի որ նա սոցիալապես անապահով վիճակում է եղել, իսկ Արամ Հայրյանը երկրորդ կուրսում հեռացվել է համալսարանից վարձավճարը չվճարելու համար, սակայն դրանից հետո վերականգնվել է:
Հաջորդ դատական նիստում կհրապարակվի դատավճիռը: