25/03/2015 10:49
ԵՊՀ-ում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակները հեռացված ուսանողն ու Արթիկցի ուսանողուհին էին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով, ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: