01/07/2015 18:26
Նոր Նորքի և Ջրվեժ գյուղի բնակիչները ծխի տակ են հայտնվել. Պատճառն այրվող աղբանոցն է
Նոր Նորքի 9-րդ զանգվածի ու Ջրվեժի բնակիչները ամռան գալու հետ ամուր փակում են պատուհանները, որովհետև աղբանոցի հոտը լցվում է տները ու ամռան շոգին զուգահեռ անտանելի դարձնում շնչելը: Բնակիչները Aysor.am-ի խմբագրությանը նաև տրամադրել են այսօր արված լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես են են շենքերը գտնվում այրվող աղբի ծխի մեջ:
Aysor.am-ը այս շենքի բնակիչների խնդրին անդրադարձել էր նաև անցյալ տարի: Այդ ժամանակ տարածքի աղբահանությամբ զբաղվող Նոր Նորքի սանիտարական մաքրման ծառայության, «Վիներոն» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նշված տարածքում գարշահոտության խնդիր չկա, սակայն կան «գործ տվող» մարդիկ:
«Ես հենց հիմա գտնվում են այդ տարածքում, որևէ գարշահոտություն չկա, կարող եք ինքներդ գալ ու համոզվել, իսկ մոտակա աղբանոցը գտնվում է այս տարածքից 4-5 կմ հեռավորության վրա, այնպես որ դա իրենց չի կարող խանգարել: Շենքերի աղբահանությունը կատարվում է ըստ գրաֆիկի, վերջինը կատարվել է երեկ չէ առաջին օրը, հաջորդը կատարվելու է վաղը: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչում է կայանում նրանց բողոքը»,- ավելի վաղ ասել էր Վ. Հովհաննիսյանը:
Այս տարի Վաղինակ Հովհաննիսյանը ասաց, որ գարշահոտություն կա և իրենք զբաղվում են այս հարցով, իսկ պատճառը՝ Ջրվեժի աղբանոցում հրդեհն է:
«Մենք ահազանգ ստացել ենք, թաղապետարանն էլ, քաղաքապետարանն էլ տեղյակ են, այստեղ մեքենա են ուղարկել, 10 մարդ աշխատում է, մոտավորապես կեսն արդեն լուծվել է խնդրի»,-ասաց նա:
Հարցին՝ խոսքը հարակից ձորակի՞ մասին է, Վ. Հովհաննիսյանը ասաց, որ ոչ:
«Այդ հարակից ձորակ որ ասում են, գտնվում է բնակելի շենքերից 3 կմ հեռավորության վրա, իսկ հրդեհ եղել է Ջրվեժ գյուղի աղբանոցում: Սա օրինական, 10 տարուց ավելի գործող աղբանոց է»,-ասաց նա:
Աղբանոցը, սակայն, Ջրվեժի գյուղապետարանի ենթակայության տակ չէ, ասում է Ջրվեժի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանը, թեև այսօր աղբանոցում հրդեհի պատճառով ողջ գյուղը ծխի տակ էր գտնվում:
«Այդ աղբանոցը վարձակալում է առաձին կազմակերպություն, որն էլ իրականցնում է մաքրման աշխատանքներ: Այսօր ես այնտեղ էի, հիմա մարդիկ աշխատում են, բայց երևի մեկ-երկու օր շարունակվեն աշխատանքները, մինչև աղբանոցի հրդեհը կմարեն»,-ասաց նա: