02/10/2015 18:31
Մաքսիմ Սարգսյան. ՀԷՑ-ի գնորդը, «բարի ձյաձյայի» դերը ստանձնելով, հետո կխաբի
Չեմ կարծում, թե ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվել, որովհետև այդ նախնական արդյունքները մեզ չեն գոհացնում: Միայն հաշվապահական գործընթաց է եղել, որը դեռ ավարտված չի համարվում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանն՝ անդրադառնալով աուդիտի նախնական արդյունքներին:
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ մեր պահանջներից և ոչ մեկը չի կատարվել՝ չնայած, որ մենք չէինք էլ սպասում որևէ դրական արդյունքի: Նախապես ակնկալելի էր, որ պետք է այս արդյունքը լինի»,- նշեց Մաքսիմը՝ հավելելով, որ այդ գործընթացն ընթացել է նույն հիմքերի վրա, ինչ հայտարարում ու ներկայացնում էր Հանրային ծառայությունները կարգավորաղ հանձնաժողովը:
«Ուշագրավ է այն, որ այս մոնիթորինգի հիմքում ևս ընկած են նույն փաստերն ու կեղծ փաստաթղթերը, որոնք եղել են նախկինում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ըստ արդյունքների հայտարարվեց մի քանի հայտնաբերված չարաշահման մասին, Մաքսիմն ասաց, որ այդ ամենը ցուցադրական քայլեր են, որով ուզում են հանրությանը հերթական անգամ խաբել: «Եթե իսկապես միտում ունենային չարաշահումները բացահայտելու և դատապարտելու, ապա այնքան չարաշահումներ կարող էին գտնել, որոնց մասին պատկերացում անգամ չունեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ոչ թալանին» նախաձեռնության հետագա պայքարին, Մաքսիմը նշեց, որ այս պահին չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ օրեցօր նոր գործընթացներ ու փոփոխություններ են տեղի ունենում: «Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել, քանի որ կառավարությունը, սահմանադրական բարեփոխումների ֆոնին, ամեն օր ինչ-որ բաներ է փոխում, հանդես է գալիս նոր հայտարարություններով ու նոր քայլեր է անում: Այդ ամենը հասկանալու համար մեզ ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք վերլուծել ու հետագա քայլերի մասին մտածել: Անհասկանալի է, թե այս ամենն ինչ նպատակ է հետապնդում»,- ասաց ակտիվիստը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ նախաձեռնության անդամները հանդիպեն ՀԷՑ-ի նոր ղեկավարության հետ, նա պատասխանեց որ նախաձեռնության անդամները դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: «Ով ուզում է թող ՀԷՑ-ը գնի: Մենք հանդիպելու խնդիր չունենք, որովհետև չենք ուզում տեսնել, թե հերթական գնորդն ինչպես է «բարի ձյաձյայի» դերը ստանձնում ու հայտարարում, թե սուբսիդավորելու են, որ հետո խաբի: Մենք ունենք հստակ պահանջներ, որոնք հստակ լուծումներ են պահանջում»,- ասաց նա: