06/10/2015 17:42
Տ. Ուրիխանյանի կոչը՝ սկսել կոնսոլիդացիայի նոր գործընթաց. «Դրան պրակտիկորեն մնում է 1.5 տարի»
«Երեկ ավարտվեց սահմանադրական փոփոխությունների իմպրեսիոնիզմը և Դեգայի կամ Մոնեի վրձնի պես անցկացվեց քվեարկություն: Ամբողջ խճանկարը հանձնվեց հանրության դատին ու գնահատականին: Խոսելու այլևս բան չկա, պահն է եկել գործելու»,- ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով՝ ոչ միայն մարդիկ, այլև քաղաքական դաշտի ներկայացուցիչները հոգնել են բոլոր տեսակի խոսքերից, դրանց հնչերանգից ու տարբեր ձևակերպումներից: Այսուհետ, ըստ Տ.Ուրիխանյանի, «ոչ» ասելու, դիմագրավելու, ճնշման միակ տարբերակը գործուն քայլերի միջոցով ներգործություն իրականացնելն է.
«Ես անձամբ այն պատկերացնում եմ, «Ալյանս» կուսակցությունը այն պատկերացնում է բացառապես այլևս ընդդիմադիր դաշտում մնացած գործիչների միավորմամբ ու համախմբմամբ: Ես տեսնում եմ ցանկացած «ոչ»-ի, ցանկացած դիմագրավելու, ցանկացած հակազդեցություն ցուցաբերելու հնարավորություն ընդդիմության մեջ իրական միավորման, ուժերի համադրման, միասնական նոր օրակարգի ձևավորման, մարտավարության մշակման ու իրագործման մեջ»,- շեշտեց Ուրիխանյանը՝ հավելելով, որ ժամանակը մնացել է քիչ, բայց բավարար նրա համար, որպեսզի ՀՀ-ում դեռ մնացած քաղաքացիների մոտ հույսերը երբևէ փարատվեն.
«Ու դրան պրակտիկորեն մնում է 1.5 տարի: Այսուհետ «ոչ» ասելու ցանկացած իղձ կարող է իրագործվել նոր միասնության և դրանից բխող նոր հաղթանակի մեջ: Ես կոչ եմ անում այսօր սկսել կոնսոլիդացիայի նոր գործընթաց, վեր հանել նոր որակի ու նոր մակարդակի ՀՀ քաղաքական դաշտում ընդդիմադիր փոխգործակցությունը»,- հավելեց նա: