07/10/2015 12:57
Փաստաբաններն ավարտել են նոր Սահմանադրության ուսումնասիրությունը. Փոփոխության կարիք հիմա չկա
Հայաստանում այս պահին սահմանադրական փոփոխություններ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտություն չկա: Նման եզրակացության է եկել 52 փաստաբանից կազմված խումբը, որն արդեն ավարտել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
«Նախ պետք է հարց դրվի՝ արդյոք սա սահմանադրական փոփոխություննե՞ր են, թե՞ նոր Սահմանադրություն: Ինչպես տեսնում ենք որոշ հոդվածներից, սա նոր Սահմանադրություն է»,- ասաց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ այն հետընթաց է գործող Սահմանադրությունից:
Փաստաբանի կարծիքով՝ այս Սահմանադրության ընդունումով Հայաստանը կարող է գնալ միակուսակցական կառավարման, քանի որ ակնհայտ է՝ ընդունված նախագիծը միտված է գործող ռեժիմի պահպանմանը:
«Սա կարող է կործանարար լինել երկրի համար կարող է հանգեցնել կործանման»,- ասաց փաստաբանը՝ բացատրելով, որ այս դեպքում կառավարման համակարգը կախված է արդեն առանձին անձերից: