27/04/2016 16:03
Եթե Շարմազանովը ենթադրում է, որ տասը-քսան տարի ընտրություններ չեն կեղծվել, ուրեմն այլ մոլորակից է. Օսկանյան
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում անդրադարձավ «Համախմբում» կուսակցության ստեղծմանը, նշեց, որ «Համախմբում կուսակցության անունը վաղուց է որոշված եղել: Մենք գտնում ենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու և այդ ընտրություններով է որոշվելու մեր երկրի ապագան, դրա համար էլ մենք գտնում ենք, որ առանձին-առանձին քաղաքական ուժերը, ովքեր նույն նպատակն են դրել իրենց առջև և մեծ դժվարություն կունենան արդյունքների հասնելիս, մենք փորձելու ենք միասին ճանապարհ անցենել»:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նորաստեղծ կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, ում համոզմամբ՝ սա նաև ժողովրդի համախմբման նպատակով է արվել: «Մենք փորձելու ենք համախմբել ժողովրդին, քաղաքական ուժերին, որոնց ծրագիրը ժողովուրդը կհավանի, և ներկայանալու ենք այնպիսի ծրագրով, որ ժողովուդը տեսնելու է իսկապես խնդիրների լուծում»,- խոստացավ պատգամավորը:
Անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ կխանգարի իր վարկանիշին այն, որ ինքն էլ եղել է իշխանության մեջ և աշխատել է Ռոբերտ Քոչարյանի հետ, Օսկանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իշխանության մեջ իմ լինելը իմ վարկանիշը կբարձրացնի այն իմաստով, որ իշխանական համակարգում աշխատելու փորձ ունեմ, արտաքին քաղաքական ոլորտում տասը տարի աշխատել եմ, տասը տարի կուսակցական եմ եղել և զբաղվել եմ ներքաղաքական հարցերով: Այդ երկուսի համադրումով, կարծում եմ, ավելի շատ կունենամ ժողովրդի վստահությունը»,- համոզմունք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանավի այն հայտարարությանը, որ եթե, ըստ Վարդան Օսկանյանի, ընտրությունները կեղծված են, ուրեմն` ինքն էլ է կեղծ նշանակվել, Օսկանյանն արձագանքեց. «Ես Շարմազանովի ասածի էությունը չհասկացա, եթե նա ենթադրում է, որ տասը-քսան տարի ՀՀ-ում ընտրություններ չեն կեղծվել, ուրեմն ինքը այլ մոլորակում է ապրում: Երբ թեկուզ տասը ձայնի խախտում է լինում, նշանակում է, որ ընտրությունները տասը ձայնով շեղվել են իրական արդյունքից, և եթե չի արտահայտվել իսկական էությունը, ուրեմն ընտրությունները կեղծվել են»,- ասաց նա:
Վ. Օսկանյանի խոսքով՝ իշխանության կազմում եղած տարիներին էլ եղել է, որ բարձրաձայնել է, թե ընտրություններում եղել են լուրջ խախտումներ: «Եթե կա խախտում, և արդյունքը չի արտահայտում ժողովրդի կամքը, ուրեմն կեղծվել է, և մենք դրա դեմ պետք է պայքարենք: Կարող է նախագահը ընտրվել է 51 տոկոսով, բայց իրականությունը 57 տոկոս է, ուրեմն արդյունքը կեղծվել է: Ես համարում եմ դա կեղծված ընտրություններ»,- հավելեց նա: