05/05/2016 18:10
ԼՂՀ անկախության մասին օրինագիծը 30-օրյա ժամկետում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Ազգային Ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը որոշ մանրամասներ է ներկայացրել այսօր կառավարությունում քննարկված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կառավարությունում այսօր քննարկվել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորների ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը:
Արսեն Բաբայանի խոսքով, այն դեպքերում, երբ օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավորներինն է, ապա նախագիծն ուղարկվում է ՀՀ կառավարություն՝ դրա մասին եզրակացություն ստանալու համար:
Կառավարությունը քննարկում է պատգամավորների հեղինակած նախագիծն ու այդ մասին ընդունում որևէ եզրակացություն (տվյալ դեպքում ընդունված եզրակացությամբ հավանություն չի տրվել):
Եզրակացությունն ընդունելուց հետո նույն եզրակացությունն ուղարկվում է Ազգային ժողով. ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կառավարությունն ուղարկում է ոչ թե օրենքի նախագիծը, քանի որ կառավարությունը դրա հեղինակը չէ, այլ միայն իր եզրակացությունը:
Իսկ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, քանի որ դրա հեղինակները հենց Ազգային ժողովի պատգամավորներն են:
Նշված նախագծի հետագա ճակատագիրը որոշվում է «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքով, ըստ որի, նախագիծը պետք է 30-օրյա ժամկետում քննարկվի համապատասխան գլխադասային հանձնաժողովում (տվյալ դեպքում` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով) ընդունվի եզրակացություն, որից հետո տեղ գտնի ՀՀ ԱԺ լիագումար՝ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Կանոնակարգն Ազգային ժողովին թույլատրում է ընդունել երեք որոշումներից մեկը՝ ընդգրկել օրակարգ, հետաձգել, մերժել: