24/05/2016 17:44
Արագածոտնի մարզպետ. Մարզից մոտ 100-ի կարգի երեխաներ արտագաղթել են շատ կարճ ժամանակում
Արագածոտնի նորանշանակ մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը չի ցանկանում անդրադառնալ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աշխատելաոճին:
«Ես իմ մասով եմ ուզում խոսել, նախկին մարզպետի մասով չեմ ուզում խոսել, նախկինն իր աշխատելաոճն ունի, ես` իմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նորանշանակ մարզպետը իր իսկ աշխատանքը գնահատում է նորմալ: Հարցին, թե դաշնակցական մարզպետը կարո՞ղ է ավելի լավ աշխատանք անել, քան ՀՀԿ-ականը, Գաբրիել Գյոզալյանը պատասխանեց.
«Այստեղ դաշնակցականը կապ չունի, ընդհանրապես մարդու տեսակը կապ ունի, թե նա ինչ տեսակ է աշխատում: Այդ մոտեցմանը դեմ եմ, թիմ հասկացողություն, մոտեցում չեմ ունեցել և չունեմ: Եթե մոտեցումը լինում է հավասարաչափ բոլորի նկատմամբ, բոլորին մի աչքով ես նայում, հարգանքը բոլորի կողմից լինում է, եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի: Իմ աշխատելաոճը դա է», - ասաց նա:
Մազրպետի խոսքով՝ այս պահին էլ մարզի բոլոր խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են, սակայն առանձնացրեց կրթության, սոցիալական, առողջապահական ոլորտների հետ կապված խնդիրները:
«Հիմնականում ասեմ` ընդհանուր մարզից մոտ 100-ի կարգի երեխաներ արտագաղթել են շատ կարճ ժամանակում: Տնօրեններին հրավիրել ու հանձնարարականներ եմ տվել: Ասել եմ` նախկինում, թե ինչ է եղել, ինչ չի եղել, տրվել է հանձնարարական, բացթողումները շտկելու համար», - շեշտեց մարզպետը:
Իսկ թե ի՞նչով է բացատրում նման կարճ ժամանականում այդքան թվով աշակերտների կրճատումը, մազպետը պատասխանեց. «Խնդիրը կրթության հետ բացարձակ կապ չունի, ավելի շատ սոցիալական է, ընտանիքներ են արտագաղթել՝ հիմնականում արտերկիր: Միգուցե ծնողներն են տեղափոխվում, ընտանիքները գնում են»:
Ի դեպ, մարզպետը վստահ է՝ մարզում այս տարի ծիրան կլինի: «Մասնակի է ցրտահարություն եղել` 20-30 տոկոսով», - հավելեց նա: