10/08/2016 11:23
Մերժելով Հովհաննես Հարությունյանի կալանքի որոշման բողոքարկումը՝ կայացվեց քաղաքական որոշում. Փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որով բողոքարկվում էր վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:
«Երեկ թե դատավորը, թե դատախազը տեսան Հովհաննեսի վիճակը: Գամված էր անկողնուն ու ինքը պետք է խոչընդոտի՞ քննությանը, սա պարզապես ծիծաղելի է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Ըստ նրա՝ դատարանը կայացրեց քաղաքական որոշում. «Հայաստանում բոլոր դատավորները արդար որոշումներ այս գործով չեն կարողանա կայացնել, որովհետև իրենք պատանդ են, որովհետև չեն կարողանում օրենքով ղեկավարվել»:
Ա. Ղարագյոզյանի խոսքով՝ փաստաբաններով պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան, որովհետև այսքանից հետո այլևս անիմաստ է հայաստանյան ինչ-որ մարմնի դիմել:
«Ես մի փոքր հույս ունեի, որ դատավոր Ազարյանը արդար որոշում կկայացներ, բայց սա եղավ ապացույցն այն բանի, որ դատավորները ինքնուրույն որոշումներ Հայաստանում չեն կարող կատարել, չկա անկախ դատարան, կան միայն քաղաքական պատվեր կատարողներ»,- ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի բողոքի քննությունը, որը պետք է կայանար օգոստոսի 8-ին, հետաձգվել էր:
Քննությունը հետաձգվել էր փաստաբանների միջնորդությամբ, քանի որ Հովհաննեսը ցանկություն էր հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը:
Երեկ, արդեն, Հովհաննես Հարությունյանը ներկա է եղել իր կալանքի որոշման դեմ բողոքի քննությանը:
«Դատավորը, դատախազը, նիստերի քարտուղարը, բոլորը հուզված էին ու ճնշված Հովհաննեսի վիճակից։ Իրեն հատուկ բժշկական մեքենայով էին տեղափոխել, բերել էին պատգարակով, ցավերի մեջ էր»,-Aysor.am-ին փոխանցել էր Արա Ղարագյոզյանը:
Հովհաննես Հարությունյանին, ով այժմ Դատապարտյալների հիվանդանոցում է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: