26/09/2016 14:18
Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը․ ՀՅԴ
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ամենայն հավանականությամբ առաջիկայում կզբաղեցնի ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ խմբակցության քարտողար Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով, վարչապետի և կուսակցության միջև տեղի են ունեցել քննարկումներ և Կարեն Կարապետյանը ցանկություն է հայտնել աշխատել Արծվիկ Մինասյանի հետ՝ բարձր գնահատելով նրա պրոֆեսիոնալիզմը։
«Վարչապետն ասել է, որ ցանկություն ունի աշխատել պարոն Մինասյանի հետ և արդեն իսկ նրան ու կուսակացությանը առաջարկություն է արել։ Գիտեք, որ Արծվիկ Մինասյանը լավ քաղաքական գործիչ է և տեսականորեն տիրապետում է ոլորտին առնչվող հարցերին, բայց նա երբեք բիզնեսի հետ առնչություն չի ունեցել և բնական է, որ վարչապետը այս պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը բիզնես մտածողություն ունի և կարող է ավելի ինտենսիվ աշխատել», - նշեց Ա.Վարդանյանը։
Դիտարկմանը, թե կտրո՞ւկ չէ էկոնոմիկայի նախարարից անցումը բնապահպանության նախարարի, Վարդանյանը նշեց․ «Իսկ կտրո՞ւկ չէր Աժ պատգամավորից անցումը էկոնոմիկայի նախարարի։ Կտրուկ չէ։ Երկուսն էլ կարևորագույն նախարարություններ են»։
Վերջինս նաև ասաց, որ ՀՅԴ-ի և վարչապետի միջև լարվածություն չի եղել՝ կապված Կարեն Կարապետյանի կողմից կառավարության նիստում Արծվիկ Մինասյանին արված դիտողության հետ։ Վարդանյանի խոսքով՝ խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետը ասել է, որ ցանկություն չի ունեցել կառավարության նիստում նման հայտարարություն անել և ասել է, որ ափսոսում է դրա համար։