25/10/2016 11:18
Ծննդկանի և նորածնի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց. պետք է ցուցմունք տային բժիշկները
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով նշանակված դատական նիստը:
«Նիստի մեկնարկից 30 րոպե առաջ դատախազը տեղեկացրել է, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, իսկ տեխնիկապես հնարավոր չի եղել դատավարության մասնակիցներին տեղեկացնել նրա բացակայության մասին», - ասաց դատավոր Դավիթ Բալայանը՝ նշելով, որ նիստը հետաձգվելու է:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 1-ին:
Նշենք, որ այսօր ցուցմունք պետք է տային «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է:
Ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։
Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: