06/12/2016 14:36
Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայերին խորհուրդ է տալիս հետևել Հրայր Հովակիմյանի օրինակին, ով Հայաստան միայն իր խելքն էր բերել
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խորհուրդ է տալիս լրագրողներին սփյուռքահայերի հայտարարություններից պատմություններ չսարքել։
Խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նախարարը վերաբերվում երեկ սփյուռքահայերի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի հայտարարությանը, որ սփյուռքահայերը Հայաստանում ձայն չունեն, այլ պարզապես բանկոմատ են Հայաստանի համար:
«Դուք, որպես լրագրողներ, պետք է հաշվի առնենք, որ մենք իննսուն հոգով աշխատում ենք յոթ միլիոնի հետ: Իսկ մեր բոլոր նախարարությունները միասին աշխատում են երեք միլիոնի հետ: Հետևաբար, բնական է, որ նրանց կարծիքները պետք է տարբեր լինեն: Նրանք բազմաշերտ են, բազմաբովանդակ, տարբեր երկրների քաղաքական տնտեսական ռեժիմների ազդեցության ներքո են», - ասաց նախարարը:
Անդրադառնալով քննարկման ժամանակ ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանի հայտարարությանը, որ սփյուռքը տեղեկացված չէ Հայաստանից և արդեն ժամանակն է, որպեսզի սփյուռքահայերը մասնակցություն ունենան Հայաստանի ներքին կյանքին՝ Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ ինքը միշտ բոլոր սփյուռքահայերին խորհուրդ է տալիս հետևել բժիշկ Հրայր Հովակիմյանի օրինակին, ով 1992 թվականին եկել էր Հայաստան և բացի իր խելքից՝ իր հետ ոչինչ չէր բերել։
«Նա բերեց միայն իր խելքը, իր փորձը և իր վիրահատելու տեխնիկան: Երբ խորհրդային տարիներին մենք ասում էինք՝ մարդը սրտի խնդիր ունի, ապա ասում էինք վերջացավ: Հիմա արդեն մենք գիտենք, որ խնդիրը կլուծվի առանց ողբերգության: Այսինքն՝ Հրայր Հավակիմյանը կարողացավ Հայաստանում համակարգ ստեղծել», - ընդգծեց Հրանուշ Հակոբյանը: