05/12/2016 11:23
Երբ Հայաստանին ինչ-որ բան է պետք, դիմում են, օգնում ենք, սակայն մենք ձայն չունենք Հայաստանում. Էրիկ Նազարյան
«Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկման ժամանակ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը հայտնեց այն կարծիքը, որ սփյուռքահայերը Հայաստանում ձայն չունեն, այլ պարզապես բանկոմատ են Հայաստանի համար:
«Սփյուռքը բանկոմատ է. երբ որ Հայաստանին ինչ-որ բան է պետք, դիմում են, օգնում ենք, սակայն մենք ձայն չունենք Հայաստանում», - ասաց նա:
Վերջինս ընդծեց, որ հայ լինելը չի նշանակում խորոված ուտել, Մասիսին նայել, ջիգյարով քեֆ անել, այլ նշանակում է ներկա լինել և զգալ, թե քո ժողովրդի էությունն ինչ է:
«Ինձ համար ապրիլից մինչև հուլիս տեղի ունեցածը չդարձավ սփյուռքահայության հարց, այլ դարձավ էության հարց: Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է ոստիկանը, 65-ամյա հիվանդ կնոջ վզից բռնելով, տանում դեպի ոստիկանական մեքենան, երբ տեսնում ենք, թե մարդկային իրավունքներն ինչպես են ոչնչացվել Հայաստանում, երբ հասկանում ենք, թե ինչ օրն ենք հասել, որ մենք մեր ժողովրդի հետ նման կերպ ենք վարվում», - ասաց նա: