06/12/2016 14:52
Գալիս են, թող գան, ես խնդիր չեմ տեսնում. Հրանուշ Հակոբյանը՝ ԱԺ ընտրություններին սփյուռքահայերի մասնակցության մասին
Սփյուռքահայերը պատրաստակամություն են հայտնել դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երեկ կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ ապրիլին սփյուռքի հայրենակցիները դիտորդական առաքելություն կիրականացնեն Հայաստանում։
Aysor.am-ի թղթակիցը հետաքրքրվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում սփյուռքահայերի նման ցանկությանը և արդյոք կա նման անհրաժեշտություն։
«Ընտրական օրենսգրքով պետք է շարժվել: Դուք տեսաք, որ հանրապետության նախագահը հայտարարեց՝ մենք ուզում ենք անբիծ ընտրություններ։ Սա մեկ, երկրորդը՝ տեսաք, թե մեր օրենսդրությունը, Ընտրական օրենսգիրքն ինչքան կատարելագրոծվեց տեխնիկական, ներդրումային առումով, որպեսզի ամեն ինչ բացահայտ և թափանցիկ լինի։ Այնպես որ, եթե օրենքը թույլ կտա, որ նրանք մասնակցեն, ես միայն կողջունեմ»,- ասաց նախարարը։
Ըստ նախարարի, սակայն, դա չի նշանակում, որ սփյուռքահայերն անվստահություն ունեն ընտրական գործընթացների վերաբերյալ։
«Գալիս են, թող գան, ես խնդիր չեմ տեսնում, ի վերջո, միջազգային դիտորդներ էլ են լինում, եթե հայ էլ լինի, ես խնդիր չեմ տեսնում, բայց ուզում եմ ասել, որ քաղաքական կամք արդեն դրսևոված է»,- ընդգծեց նա։
Հրանուշ Հակոբյանը հատկապես բարձր գնահատեց վերջին շրջանում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Այս գործընթացը նախարարը դիտարկեց որպես աննախադեպ համաձայնություն՝ իշխանության և ընդդիմության միջև։
«Էլ ի՞նչ կա, որ չի արվել: Եկել է մի իրավիճակ, որ առաջին անգամ անցնող 25 տարիների ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ ընդունել են այդ փաստաթուղթը: Եկեք օգնենք, որ փաստաթուղթը ճշմարտացի կիրառվի», - եզրափակեց խոսքը նա։