05/12/2016 10:59
Սփյուռքի ներկայացուցիչները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել ՀՀ-ում. Արսինե Խանջյան
Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ սփյուռքի հայրենակցիները դիտորդական առաքելություն կիրականացնեն Հայաստանում:
«Սփյուռքում այժմ մի քանի կազմակերպված խումբ է գործում տարբեր երկրներում, որոնք աշխատանքներ են տանում ցանկացողների հետ, որպեսզի նրանք ապրիլին պատրաստ լինեն դիտորդական աշխատանքներ կատարելու և երկրին օգուտ տալուն», - ընդգծեց Արսինե Խանջյանը:
Ըստ բանախոսի՝ ՀՀ-ում վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես, ՏԻՄ ընտրությունները և «Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին, որ սփյուռքում ունեցած ռեսուրսներն ու կապերը պիտի օգտագործել Հայաստանի ժողովրդի կողքին կանգնելու և նրանց արդար պահանջը բարձրաձայնելու համար:
«ՀՀ անկախությունը սփյուռքում կարևոր հաղթանակ, նվեր և երազանք էր, որի համար գուցե որպես անհատներ չենք կարողացել ներդրում ունենալ, սակայն միշտ ապրել ենք այս երկրին սատար լինելու գիտակցությամբ, օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային, այլ որպես անկախ ինքնիշխան պետություն: Ցավոք, պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում», - ասաց Ա. Խանջյանն՝ ընդգծելով, որ սփյուռքահայերի համար մտահոգիչ է ՀՀ-ում տիրող արդարադատության թերի վիճակն ու քաղաքացիների արտագաղթի տեմպերի ավելացումը: