22/12/2016 12:27
Պարտադիր վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքում 4 մլն դրամի տուգանք է սահմանվում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը:
«Հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքում ասյուհետ նոր չափի պատժամիջոց կսահմանվի», - նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով`այսօրվա օրենսդրությամբ հանցագործությունը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2 մլն դրամի չափով, որը փոխարինվում է 4 մլն դրամով:
«2006 թ-ից մինչ օրս՝ գրեթե 9 տարի, նշված նորմի շեմը չի վերանայվել՝ պահպանելով հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը։ Մինչդեռ, 2006թ-ից առ այսօր նվազագույն աշխատավարձի շեմն աճել է մոտավորապես կրկնակի անգամ՝ 20 հազարից հասնելով 55 հազար դրամ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոշոր չափը՝ 2 մլն դրամը փոփոխության չի ենթարկվել», - նշեց նախարարը:
Վարչապետ Կարեն Կարապետյանին հետաքրքիր էր` արդյոք այս նախագիծը ուղղված է բիզնեսի ապակրիմինալացմանը:
«Տիկին Հովհաննիսյան, կարող եմ ասել, որ սա գործարար աշխարհի կյանքը թեթևացնում է, որ մենք ասում էինք բիզնեսի ապակրիմինալացում՝ ուղղված է այդ միջոցառմանը», - հարցրեց վարչապետը:
«Միանշանակ, նախագիծը բերելու է գործարար միաջավայրի թեթևացմանը», - արձագանքեց նախարարը: