19/01/2017 12:15
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը Հայաստանինն է, իսկ Բելառուսը հետաձգում է հարցի լուծումը. Շավարշ Քոչարյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովն ժամանակավոր պաշտոնակատար է, ռոտացիոն կարգով այդ տեղը Հայաստանինն է, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Հասկանանք` ինչ է կատարվել: Ընդունվել է որոշում, համաձայն որի, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի և, բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում՝ համաձայն ռուսական այբուբենի առաջին պետությունը Հայաստանն է: Երևանում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, չեղավ կոնսենսուս և ժամանակ պահանջվեց որոշման համար», - ասաց Շավարշ Քոչարյանը:
«Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ ընդամենը պաշտոնակատար և մոտակա գագաթաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի», - նշեց նա:
Փոխարտգործնախարարը վստահեցրեց` այդ տեղը Հայաստանինն է:
Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի քարտուղարությունը ստանձնելուն Շավարշ Քոչարյանը պատասխանեց` Ղազախստանը չի խոչընդոտել:
«Իսկ Բելառուսը խոչընդոտել է այնքանով, որ նախագահի չմասնակցության պատճառով գագաթաժողովին, հարցի լուծումը հետաձգվել է», - ասաց նա: