19/01/2017 12:32
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը. Շավարշ Քոչարյան
Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի, կառավարություն նիստից հետո լրագրողերի հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, կան մի շարք լծակներ ազդելու այն պետության վրա, որն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և շեղվում է ընդունված խաղի կանոններից:
«Բավարար չէ, որ Ադրբեջանը թույլ չտվեց, որպեսզի իր մոտ գործի ԵԱՀԿ գրասենյակ, հիմա էլ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի գործունեությունը: Կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները, հատկապես ԵԱՀԿ-ն, մտածելու տեղիք ունեն: Նրանք հեշտ ու հանգիստ կուլ տվեցին այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր մոտ փակեց գրասենյակը՝ ասելով, որ դա ամեն պետության սուվերեն իրավունքն է: Լավ, դա Ադրբեջանի իրավունքն է, բայց հիմա նա փորձում է արգելափակել Հայաստանում գործող գրասենյակը: Խնդիրն այն է, որ բոլոր որոշումները ԵԱՀԿ-ում կայացվում են կոնսենսուսով, ինչը վերաբերում է բյուջեին, իսկ Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը՝ ասելով, որ կարող է արգելափակել բյուջեն, եթե իր ուզածով չի լինում», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսոևորում:
«Այսպիսի մի դեպք էլ եղավ, երբ ժամանակին կար համաձայնություն հետաքննության մեխանիզմի վերաբերյալ: Այդ նպատակի համար ԵԱՀԿ բյուջեին գումար էր տրամադրվում, մինչդեռ Ադրբեջանը տապալեց գործընթացը՝ սպառնալով, որ արգելափակելու է ԵԱՀԿ բյուջեն»,- հավելեց նա: