23/01/2017 12:52
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և UNIDO-ն Գյումրիում սկսնակ գործարարների համար նոր անվճար դասընթաց կանցկացնեն
Գյումրիում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը: Ավելի քան 40 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրեց 20 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի` «Հաջող սկիզբ» փուլում:
Ծրագիրն իրականացնում են ՄԱԱԶԿ-ը (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի աջակցել ՀՀ մարզերի 18-35 տարեկան ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում՝ նպաստելով երիտասարդության գործազրկության մակարդակի նվազեցմանը և Հայաստանում կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը:
Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթ են հատկապես արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները:
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացի և մշակում գործարար ծրագրեր: Այդ ծրագրերից առավել իրատեսականները կարող են հավակնել մատչելի վարկերի տեսքով ֆինանսական աջակցության: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո, առնվազն 1 տարվա ընթացքում, սկսնակը ստանում է խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: