23/02/2017 12:22
Վարչապետը ՀՀ փոխոստիկանապետին ստիպեց կոշմնորոշվել՝ հանո՞ւմ են, թե՞ նվազեցնում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում է ճանապարհային ոստիկանության բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուն ու դրանից բխող միջոցառումների իրականացնման ժամանակացույցին:
Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել բարեփոխումներին ուղղված թվով 24 միջոցառում, որի արդյունքում բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ քաղաքացիների համար ի՞նչն է փոխվել:
«Պարոն վարչապետ, նախ թեթևացնում ենք վարչական բեռը: Բավական դյուրինացնում ենք էն բոլոր փողոցային երթևեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկում», - պատասխանեց Վ. Եղիազարյանը:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ վարչական բեռն է թեթևանալու:
«Մասնավորապես, նախկին տուգանքների վրա, երբ 50 տոկոս տույժի ավելացում կար, դա նվազեցվում է երկու անգամ՝ 25 տոկոս է դառնում», - ասաց Եղիազարյանը:
«Նվազեցնո՞ւմ ենք, թե՞ հանում ենք», - հարցրեց վարչապետը:
«Նվազեցնում ենք 2 անգամ», - ասաց փոխոստիկանապետը:
«Թե հանո՞ւմ ենք. մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք», - ասաց Կարեն Կարապետյանը:
Եղիազարյանը կրկնեց, որ չեն հանում, նվազեցնում են:
«Հիմա նվազեցնում, թե՞ հանում եք», - կրկնեց Կարեն Կարապետյանը:
«Հա, հանում ենք, պարոն վարչապետ», - կողմնորոշվեց ՀՀ փոխոստիկանապետը:
«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ զոռով եք էս բանը բերել»,- կատակեց Կարեն Կարապետյանը: