23/03/2017 14:34
Հյուսիս-հարավից շահագործման է հանձնվել 35 կմ ճանապարհ, որի համար ծախսվել է մոտ 70 միլիոն դոլար. Փոխնախարար
«Մենք ստիպված են փակ պահել Հյուսիս-հարավ ճանապահը, սա բարդ ենթակառուցվածքային ծրագիր է», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանն՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականին։
«Մեզ համար կարևոր է վերջնաժամկետը ըստ պայմանագրի, եթե նկատեցիք, վարչապետը նշեց, որ մեր իրավահարաբերությունները կարգավորվում են կապալառու կազմակերպությունների հետ՝ բացառապես պայմանագրով, բայց ինքը հանձնարարեց, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս բանակցությունների արդյունքում օր առաջ հանձնել, որպեսզի այդ խնդիրը լուծվի», - ասաց նա։
Արթուր Առաքելյանի խոսքով՝ երբ նախագծային փուլում պլանավորվում է շինարարության տևողությունը, այդտեղ հաշվարկման ընթացքում հաշվի են առնվում քաղաքաշինական նորմեր։
Փոխնախարարը նշեց, որ մետ մեկ ու կես միլիոն դոլար է ծախսվել Հյուսիս-հարավ ճանապարհի 9 կամուրջների արդիականացման համար։
«Այնտեղ նաև երկու կամուրջ լրացուցիչ են՝ գյուղատնտեսական տեխնիկայի ու անասունների անցման համար, քանի որ Մարմարաշեն ու Բուրաստան համայնքների հանրությունը դիմեց վարչապետին և որոշում կայացվեց, որպեսզի ևս երկու կամուրջ կառուցենք», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդհանուր ճանապարհին, Արթուր Առաքելյանն ասաց, որ Հյուսիս-հարավ ճանապարհն այս պահին ակտիվ իրագործման փուլում է։
«Աշտակրակից դեպի Թալին հատվածը, որը իսպանական ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում է, մինչև Թալին կհասցնեն 2018 թվականին, Թալինից դեպի Գյումրի շինարարությունն էլ ավարտին կհասցվի 2018-2019 թվականներին, իսկ հետագա տրանշերի վերաբերյալ կա հանձնարարություն, որպեսզի թեթևացնենք վարկային բեռը, ակտիվ հնարավորությունը օգտագործել մասնավորի ներգրավմամբ», -ասաց նա։
Հարցին, թե մինչև հիմա Հյուսիս-հարավ ճանապարհի քանի՞ տոկոսն է կառուցվել, փոխնախարարը պատասխանեց. «Այս պահի դրությամբ շահագործման է հանձնվել 35 կիլոմետր ճանապարհ, որի համար ծախսվել է մոտավորապես 70 միլիոն դոլար, իսկ ողջ ճանապարհի ավարտի համար այս պահին տարեթիվ չեմ կարող ասել»։