29/03/2017 19:30
Մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից
Մարտի 29-ին Երևանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և համանուն լուսանկարների ցուցահանդեսը, տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում նշել է, որ ՀՀ կառավարությունը անում է հնարավոր ամեն բան՝ սիրիահայերի խնդիրները լուծելու համար, և մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը կարևորել է Սփյուռքի նախարարության և մյուս գերատեսչությունների դերը՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներում: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ ծրագրին աջակելու համար:
Սիրիահայերի Միության նախագահ Ներսես Քեվոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի պետական գերատեսչություններին՝ իրենց խնդիրներին ականջալուր լինելու և սրտացավ վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցչին: