14/04/2017 17:52
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դիմումը մուտք անելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու դիմում է մուտք արվել:
«Մեկ դիմում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անունից է ներկայացվել, մեկ դիմում էլ՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող ՀԿ-ների, մի շարք քաղացիների և դիտորդների անունից», - ասաց Տ. Եգորյանը՝ հավելելով, որ դիմումում տեղ են գտել նաև «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրությունները:
Դիտարկմանը, թե չկան մտավախություններ, որ դիմումը ոչ մի արդյունք չի տա, Տ. Եգորյանը պատասխանեց.
«Ես հաճախ իմ գործընկերների կողմից քննադատվում եմ այս հարցերում օպտիմիստ լինելու համար: Որոշակի հույս փորձում եմ պահպանել: Հույս ունենք, որ կիրականացվի արդյունավետ քննություն», - ասաց նա՝ չբացառելով, որ ՍԴ-ն կարող է դիմումի մերժման համար ներկայացնել նույն հիմքերը, ինչ՝ ԿԸՀ-ն:
Նշենք, որ Սահմանադրական դատարանը պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում քննել դիմումը, հետևաբար նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի ամենաուշը մայիսի 18-ին: