08/06/2017 14:10
Մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց. Արմեն Ռուստամյանը՝ Անդրանիկ Կարապետյանի հայտարարության մասին
ՀՅԴ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի երեկվա ելույթը ճիշտ չի ընկալվել, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Նկատի ուներ, որ դա ի չարս չօգտագործվի: Մի քիչ երևի մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց: Իրականում մենք օրենքին կողմ ենք եղել և հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը մեր օրակարգի մեջ էլ է եղել», - նշեց Ա. Ռուստամյանը:
Վերջինս ընդգծեց, որ պատգամավորը պարզապես մտահոգություն է հայտնել հանձնարարագրերի նոր մեխանիզմի գործադրման վերաբերյալ:
«Այստեղ գործ տալու հարցը չէ, եթե իրական հանցանք կա, դա ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ ձևով պետք է կոծկել, այլ բարձրաձայնել», - նշեց նա:
Ռուստամյանը նաև նշեց, որ ելույթից հետո զրուցել է Անդրանիկ Կարապետյանի հետ և վերջինս ասել է՝ ինքը ոչ թե դեմ է եղել հանցագործության մասին բարձրաձայնելուն, այլ մտահոգություն է հայտնել, թե արդյոք այդ ինստիտուտը կաշխատի:
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ազդարարի ինստիտուտի ներդրման հարցի քննարկման ժամանակ Անդրանիկ Կարապետյանը հայտարարել էր, որ ազդարարի ինստիտուտը հայերին հարիր չէ և նման է «գործ տալուն»: