26/06/2017 11:00
Վարուժան Ավետիսյանին լռեցնելու անհաջող փորձ. Փաստաբանը՝ Ավետիսյանի նկատմամբ նոր քրգործի մասին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղյակ չեն, որ Ավետիսյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:
«Երեկ եմ Վարուժան Ավետիսյանի հետ առանձնատեսակցություն ունեցել, և բնականաբար, ոչ ինքը, ոչ ես չգիտեինք քրեական գործի մասին: Ինչ վերաբերում է մեղադրանքը ընդունելուն, ապա այդ մասին խոսք գնալ չի կարող», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նրա խոսքով՝ Ավետիսյանը հրաժարվում է առհասարակ որևէ ցուցմունք տալուց, որևէ բան ստորագրելուց և միայն դատարանում կարող է վերաբերմունք արտահայտել:
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Շուշանյանի պնդմամբ, այդ մեղադրանքը «Վարուժան Ավետիսյանին լռեցնելու անհաջող փորձ է»:
«Առհասարակ, «Սասնա ծռերի» գործով վարչախումբը ամենաշատը սարսափում է դատավարության հրապարակայնությունից և հենց այդ նպատակով ամեն ինչ արվել է, որ հրապարակայնությունը սահմանափակվի՝ դահլիճը ապակեպատ պատնեշով բաժանելը, խոսափողների մի մասը անջատելը, դահլիճում ներկա գտնվողները չեն լսում, այնպես է դահլիճի դասավորությունը, որ տղաները թիկունքով են նստած դեպի դահլիճը, որ վիզուալ կոնտակտ չառաջանա: Այսինքն՝ ամեն ինչ արվել է… ու հիմա էլ ևս մեկ մեղադրանք են առաջադրում Ավետիսյանին, որը կարծում եմ՝ նրա վրա որևէ ազդեցություն չի ունենա», - հավելեց Շուշանյանը:
Փաստաբանը վստահ է, որ ոչ այս, ոչ էլ նախորդ քրեական գործերը նրան չեն ընկճում, ավելին, «բացարձակ որևէ կերպ չեն ազդում»: