25/07/2017 14:58
Բաքվում ՌԴ դեսպանատունը պատրաստ է աջակցել Լապշինի արտահանձմանը
Բաքվում ՌԴ դեսպանատունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերելու Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե նա արտահանձնման մասին դիմում ներկայացնի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը:
«Դեսպանատունը կապի մեջ է Ա. Լապշինի փաստաբանի և նրա բարեկամների հետ: Մենք մեզ իրավասու չենք համարում մեկնաբանել ադրբեջանական դատարանի կայացրած վճիռը: Դեսպանատունը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում մասնակցել բլոգերի իրավունքների պաշտպանության գործին», - ասել է Ապաշկինը:
Մեկնաբանելով Լապշինի հնարավոր արտահանձնումը Ռուսաստան՝ նա հիշեցրել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է դատապարտյալների վերաբերյալ պայմանագիր, որը թույլ է տալիս պատիժը կրել տվյալ դատապարտյալի քաղաքացիության երկրում:
«Եթե Ա. Լապշինը ցանկանա օգտվել պայմանագրի առաջարկած հնարավորությունից, ապա դեսպանատունը նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի», - ընդգծել է Ապաշկինը: