21/08/2017 12:58
Թուրքիայի պահանջով Իսպանիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության մասին ստեղծագործող գերմանացի գրողը
Իսպանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են թուրքական ծագում ունեցող գերմանացի գրող Դողան Աքհանլիին (Dogan Akhanli):
Ինչպես հայտնում է DW.com-ը՝ ձերբակալության պատճառը քրեական գործն է, որը Գերմանիայի քաղաքացու դեմ հարուցել են Թուրքիայի իշխանությունները: Դողանին Աքհանլիին հետախուզում էր Ինտերպոլը:
Նրա փաստաբանը հայտարարել է, որ քրեական գործն ունի քաղաքական ենթատեքստ և անվանել է այն «թիրախավորված որս, որը թուրքական կառավարությունը վարում է ընդդեմ քննադատաբար տրամադրված Եվրոպայի մտավորականների»: Թե ինչում են Գերմանիայի քաղաքացուն մեղադրում, դեռ հայտնի չէ:
Գերմանացի քաղաքական գործիչները կտրուկ քննադատել են գրողի ձերբակալությունը:
Բունդեսթագի կանաչների «Միություն-90» կուսակցության պատգամավոր Ֆոլկեր Բեքը կոչ է արել ԳԴՀ-ի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելից պահանջել Աքհանլիի անհապաղ ազատումը:
Դողան Աքհանլին Գերմանիայում է 1991 թվականից, գերմանական քաղաքացիություն ստացել է երկրում հաստատվելուց կարճ ժամանակ անց: Նա Թուրքիայի քաղաքացիություն չունի: Նրա աշխատությունների գլխավոր թեման Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն է և դրա ժխտումը Թուրքիայի կառավարության կողմից: