Ռոք` նոն-ստոպ` 1 օր ու գիշեր
12/08/2009 13:23

Ռոք` նոն-ստոպ` 1 օր ու գիշեր

Ռոքի սիրահարները 1 օր ու գիշեր նոն-ստոպ ռեժիմով ռոք երաժշտություն կկարողանան վայելել Սևանի ափին: Օգոստոսի 28-ին «Մայամի» հանգստյան գոտում կանցկացվի «Երաժիշտները Հանուն Խաղաղության» միջազգային երաժշտական առաջին փառատոնը: Այն նախաձեռնել և կազմակերպել է «Ֆորշ Ընդ Ֆրենդս» ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ, ինչպես նաև ՀՀ Տրասնպորտի և կապի, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, նախաձեռնությունը համապատասխանում է մեր պետականության քաղաքականության խնդիրներին. «Քանի որ փառատոնը միջազգային է` հանրավորություն է տալու թե ներքին զբոսաշրջության զարգացմանը, թե Հայաստանը` որպես փառատոններ կազմակերպող երկիր միջազգային շուկայում ներկայանալու խնդրի լուծմանը»:

«Հույս ունենք այս փառատոնը դարձնել ավանդական, և որ այն անցկացվի ոչ միայն ամռանը: Բանակցություններ ենք սկսել ԱՄՆ մի շարք հայտնի երաժիշտների հետ, որոնք տարբեր մասնավոր և պետական մարմինների աջակցությամբ, հուսանք, մյուս տարի կմասնակցեն փառատոնին»,- ասաց «Ֆորշ Ընդ Ֆրենդս» ընկերության հիմնադիր նախագահ Ֆորշը:

Նրա խոսքով, այս տարի փառատոնին կմասնակցեն հիմնականում ռոք ժանրի խմբեր. Հայաստանից` Ֆորշ և «Ռե Մինոր», «Քրոսսռոդս», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», Վրաստանից` «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Զումբալենդ» և Անգլիայից` «Ամրիտա»: Ընդհանուր առմամբ, կլինի թվով 75 մասնակից: Վրացական խմբերից մեկը կատարում է ֆոլկ-ավանգարդ-ջազ-ռոք ոճում:

«Կարևորը, որ մեր ընտրած խմբերը կատարում են իրենց սեփական երգերը, և ոչ թե Բիթլզ կամ այլ հայտնի խմբերի երգացանկից», - ընդգծեց նա:

Ֆորշը նշեց, որ հանդիսատեսի մուտքը կլինի տոմսերով: Տոմսի գինը դեռ որոշված չէ, սակայն այն, հավանաբար, չի անցնի 5000 դրամից, որի մեջ կներառվի նաև ճանապարհածախսը:

Երգիչը նաև տեղեկացրեց, որ նմանատիպ մի համերգ էլ նախատեսվում է անցկացնել աշնան վերջին` Լեռնային Ղարաբաղում:
 

Ռոք` նոն-ստոպ` 1 օր ու գիշեր