«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները ներկայացվում են որպես դավաճան»
12/08/2009 18:21

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները ներկայացվում են որպես դավաճան»

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը Aysor-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին: Բանախոսը նշեց, որ մինչ օրս չի հստակեցվում, թե բանակցությունների սեղանի շուրջ ո՞ր յոթ շրջանների մասին է խոսվում, և արդյոք խոսքը գնում է միայն ԼՂՀ շուրջ գտնվող այն տարածքների մասին, որոնք կազմում են հանրապետության անվտանգության գոտին, թե՞ նաև այլ տարածքների:

«Շատ մակերեսային հաշվարկով ստացվում է, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացնում նաև Շուշիի շրջանի նկատմամբ»,- ասաց քաղաքագետը:

Ըստ բանախոսի, եթե այդ հարցը դիտարկվի խորհրդային տարիներին 76-ը 23-ի էթնիկական հարաբերակցության վերականգնման տեսանկյունից, նշանակում է նաև ադրբեջանցիների վերադարձ Շուշի:

«Ես չեմ պատկերացնում որևէ ադրբեջանցու վերադարձ` առանձ ուժային կառույցների կամ ոստիկանության, իսկ դա նշանակում է Շուշվա շրջանի հանձնում Ադրբեջանի իշխանությունների իրավասության տակ»,- նշեց քաղաքագետը:

Ս. Շաքարյանցը գտնում է, որ Կրակովում «թարմացված» Մադրիդյան սկզբունքները դեռ երկար գաղտնի կմնան: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ բանակցային սեղանի շուրջ այսօր կարող են քննարկվել Ադրբեջանի պահանջները` այն դեպքում, որ հայկական կողմի պահանջների քննարկումը հետաձգվել է:

«Եթե կարգավորման սկզբունքները թարմացվում են` ըստ Ադրբեջանի ուզածի, ապա Հայաստանն ու Ղարաբաղը կտրականապես պետք է դա մերժեն: Ոչ մի նախկին միջէթնիկական հարաբերակցություն»,- ասաց նա` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները 1991 թվականին բոյկոտել և չեն մասնակցել հանրաքվեի, թեև դրա իրավունքն ունեին:

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները ներկայացվում են որպես պատերազմող կողմ, որպես դավաճան: Նրանք դավաճանել են իրենց հայրենիքը, իսկ դավաճանների հետ, ըստ պատերազմական օրենքների, խիստ են վարվում: Բայց նրանք չեն գնդակահարվել կամ «կոնցենտրացիոն ճամբար» ուղարկվել. նրանք ուղարկվել են իրենց ադրբեջանցի հայրենակիցների մոտ: Էլ վերադարձ չկա»,- ասաց Ս. Շաքարյանցը` ավելացնելով, որ հայկական կողմը պետք է ավելի կտրուկ արտահայտվի ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ:
 

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները ներկայացվում են որպես դավաճան»