.jpg)
Իսրայելի նախարարները բոյկոտել են Թուրքիայի Հանրապետության օրը
Նախօրեին Իսրայելում Թուրքիայի դեսպանատանը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպված` Թուրքիայի Հանրապետության տոնի առթիվ: Սակայն իսրայելական նախարարներից միայն երկուսն են մասնակցել Քֆար-Շմարյագուում կազմակերպված միջոցառմանը: Այսպես, Թուրքիայի դեսպանատուն են այցելել միայն «Ավոդա» ձախակողմյան կուսակցության նախարարներ Բինյամին Բեն-Էլիզերը և Ավիշայ Բրավերմանը: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև բանակի ներկայացուցիչներ:
Նշենք, որ Բինյամին Բեն-Էլիզերը Իսրայելի արդյունաբերության և առևտրի նախարարն է, իսկ Ավիշայ Բրավերմանը ազգային փոքրամասնությունների հարցերով նախարարը:
«Զման.քոմ» լրատվական կայքը նշում է, որ մի քանի օր առաջ Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը կոչ էր արել կառավարության անդամներին բոյկոտել Թուրքիայի անկախությանը օրը` այս կերպ բողոք արտահայտելով վերջերս Թուրքիայի հակաիսրայելական դիրքորոշման հանդեպ:
Նշենք նաև, որ Թուրքիայի Հանրապետության օրը հոկտեմբերի 29-ին նշելը կապված է 1923 թ.-ի այդ օրը Թուրքիայի սահմանադրությունում արված փոփոխությունների հետ, որոնց արդյունքը դարձավ Օսմանյան կայսրության փլուզումը և Թուրքիայի հանրապետության կայացումը: